Մեր Մհեր Մկրտչյանը

«Կյանքում մի բան ունեմ՝ թատրոնը» սիրում էր ասել Մհեր Մկրտչյանը։ Երբ մի անգամ նրան հարցրին «Վարպետ, բայց դուք կինոյում ավելի շատ եք նկարվում» , ասաց. «Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն» ։

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին, հուլիսի 4-ին։ Ծննդավայրում սովորել է նկարչական և երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։

1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։

1953 թվականին նա սովորում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինտիտուտում։ Այնուհետև հրավեր է ստանում աշխատելու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ։

1959 թվականին ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որից հետո էլ արժանանում է ժողովրդի ջերմ ընդունելիությանը։ Մեծ ժողովրդականություն վայելող դերասանը բազմաթիվ հրավերներ է ստանում տարբեր կինոստուդիաներից։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 28-ին։


Պարգևներ
 • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (26.04.1961)
 • Դաղստանյան ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (29.01.1970)
 • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
 • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)
 • ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմում նկարահանվելու համար (1978)[6]
 • ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմում նկարահանվելու համար (1975)
 • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (հետմահու) (2001)
 • Համամիութենական կինոփառատոն Երևանում (Առաջին մրցանակ «Զինվորն ու փիղը» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար, 1978)


Մհեր Մկրտչյանի կատակներից

«Մանկության ընկերոջ՝ Չախալ Պարույրի պատմածներից»

Ֆրունզիկը իմ աչքի առաջ բոյ քաշեց, մեծացավ։ Կհիշեմ, մեր տեսքտիլ ակումբի թատերական խումբը կբեմադրեր «Քաջ Նազարը»։ Պատերազմ էր, դերասանի մեծ պահանջ կար։ Հայրենադարձ Հակոբը պտի անձրևի դեր խաղար, իսկ Ֆրունզիկը՝ Քաջ Նազարի։ Հակոբին մի կերպ տղոնց միջոցով հանեցինք վերև, որպեսզի ցնցուղով ջուր լցնի Քաջ Նազարի գլխին։

Ֆրունզիկը էշին հեծած եկավ բեմի մեջտեղ և երբ դիտմամբ ներքև ընկավ, էշը այդ տեսնելով՝ սկսեց դահլիճով մեկ զռռալ։

Խեղճ Հակոբը վախից ցնցուղը ձեռքին ընկավ ուղիղ էշի ոտքերի մոտ։

Դահլիճում բռնկվեց վարակիչ ծիծաղը։

Ֆրունզիկը մի քանի աշխատողների օգնությամբ մեծ դժվարությամբ էշին դուրս հրավիրեց բեմից, Հակոբի վրա գոռալով. «Ի՞նչդ քեզի չպահեցիր, իշու ձագ…»