Ալբերտ Մկրտչյան
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին, Լենինական քաղաքում։
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։
1960-1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր։
1995-1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար։
1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), իսկ 2000 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
2004 թվականի հունիսի 10-ին Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հյուրընկալ դռները հանդիսատեսի առջև բացում է Գ. Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» պիեսի բեմադրությամբ և մինչև 2015 թվականը զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար պաշտոնը։
Առաջին իսկ ֆիլմերում՝ «Լուսանկար» (1969թ.), «Հուշարձան» (1972թ.), «Բովտուն» (1977թ.), դրսևորվեց Ալբերտ Մկրտչյանի յուրահատուկ կինոմտածողությունը և բացառիկ տաղանդը։
Հայկական կինոյում շրջադարձային էին նրա նկարահանած «Կյանքի լավագույն կեսը»(1979 թ.), «Խոշոր շահում»(1980 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Ուրախ ավտոբուսը» (2000 թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլ ֆիլմեր։
«Հին օրերի երգը» 1983 թ. Լենինգրադում կայացած համամիութենական փառատոնում արժանացել է ժյուրիի՝ «Հատուկ», իսկ 1985 թ. Մինսկի համամիութենական կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմը՝ «Գլխավոր» մրցանակների։
Ալբերտ Մկրտչյանը նաև նոր խոսք ասաց բեմադրական արվեստում, հիմնադիրը լինելով ոչ միայն Երևանի արտիստական թատրոնի, այլ նաև մի շարք մնայուն բեմադրությունների՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերվա քաղաքի մեղեդին»,
Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլն։
Ալբերտ Մկրտչյանի ոճն ու ձեռագիրը ազգային են, կերպարներն ու թեմաները նույնպես։
Ալբերտ Մկրտչյանի արվեստը երկար տարիներ լինելու է օրինակելի նոր սերունդների համար, համաժողովրդական մեծ սեր վայելող նրա ֆիլմերը մշտապես լինելու են հայկական կինոյում։
Պարգևներ՝
«Պատվո նշան» շքանշան
Մովսես Խորենացու մեդալ (2000)
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2003)
Գյումրու պատվավոր քաղաքացի 2003
Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2007)
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
«Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)